102542813_001500844_1440x900_80_0_1_fcd7d92cf5e6bf092f28dd745346c909-jpg

Բնակարանի խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել. Չաբայանի կինը մանրամասներ է հայտնել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Առավոտյան իրականացված խուզարկության արդյունքում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում որևէ ապօրինի բան չի հայտնաբերվել, սակայն իրավապահներն առգրավել են նրա հեռախոսը։ Այս մասին տեսաուղերձով պատմել է նրա կինը` Անահիտ Ադամյանը։

Չալաբյանի կնոջ փոխանցմամբ՝ ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ իրենց տուն են այցելել վաղ առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, երբ ընտանիքի անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել:

«Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված էին եկել, որպեսզի ձերբակալեին։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է»,– նշել է նա։

Ընտանիքի հետ տեղի ունեցածը Ադամյանը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է որակում` այն կապելով ընդդիմադիր դաշտում ընթացող լայնածավալ պրոցեսների հետ։

«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է։ Բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում հիմա ընդդիմադիր դաշտում»,- հայտարարել է ձերբակալված գործչի կինը։

Ըստ նրա` ձերբակալության ժամանակը պատահական չէ ընտրված և ուղղակիորեն առնչվում է Սահմանադրական դատարանում սպասվող իրավական զարգացումներին։

Անահիտ Ադամյանի համոզմամբ՝ ամուսնուն ձերբակալել են միտումնավոր, որպեսզի հենց այս օրերին, երբ Սահմանադրական դատարանը քննելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված ընդդիմադիր ուժերի բողոքները, Ավետիք Չալաբյանին այդ ընթացքում պարզապես մեկուսացնեն ու հեռու պահեն հանրային պրոցեսներից։

Այս պահի դրությամբ հարազատները ձերբակալության իրավական կոնկրետ հիմքերի վերաբերյալ այլ տեղեկություններ չունեն և սպասում են առաջադրվող մեղադրանքի պաշտոնական մանրամասներին։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն