Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Սուրբ Էջմիածնում ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին ուղեկցել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Մայր աթոռից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
«Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվեց ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նաև նշվել է, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր–բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։