factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա-Բելառուս սահմանին տեղակայված վերահեռարձակող կայանները, որոնք, ըստ Կիևի, օգտագործվում էին ռուսական անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համար, դադարեցրել են աշխատանքը հունիսի 22-ից, փոխանցում է meduza.io-ն։
Նրա խոսքով՝ այդ մասին իրեն տեղեկացրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և հետախուզական ծառայությունները։ Սակայն դեռ պարզ չէ՝ սարքավորումները պարզապես անջատվել են, թե նաև ապամոնտաժվել են։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ կայանները օգտագործվել են Ուկրաինայի տարածքի վրա հարվածների ճշգրտման նպատակով և պահանջել էր Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից դրանք հեռացնել մեկ շաբաթվա ընթացքում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում դրանք կհեռացվեն Ուկրաինայի կողմից։ Բելառուսական կողմը այդ հայտարարություններին պաշտոնական արձագանք չի տվել։