gox37wmxkv9uuu2n

Ծոցի պատերազմից հետո ԱՄԷ-ն բանակցում է հնդկական հրթիռների գնման շուրջ. Reuters | civilnet.am

civilnet.am Հայաստանը վերջին տարիներին դարձել է Հնդկաստանի սպառազինության առաջատար գնորդը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2022-2024 թվականներին հնդկական զենքն ապահովել է Հայաստանի սպառազինության ներմուծման 43%-ը կամ առաջատար մատակարարը՝ այդ դերում փոխարինելով Ռուսաստանին։ 2025-26 ֆինանսական տարում Հնդկաստանի՝ ավելի քան 4 մլրդ դոլարի պաշտպանական արտահանման զգալի մասը բաժին է ընկել հենց Հայաստանին, որը ձեռք է բերել շուրջ 2 մլրդ դոլարի Akash-1S հակաօդային համակարգեր, Pinaka ռեակտիվ կրակային համակարգեր, Swathi ռադարներ և ATAGS հաուբիցներ։ Այժմ Նյու Դելիի՝ սպառազինության  գնորդների շարքին ավելանում է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Թեմայի մասին գրել էReuters-ը։

Հնդկաստանի կառավարությունն ԱՄԷ-ի հետ բանակցում է իր առաջատար պաշտպանական համակարգերից մի քանիսի, ներառյալ գերձայնային BrahMos թևավոր հրթիռների վաճառքի շուրջ, Reuters-ին հայտնել են հնդկական չորս աղբյուրներ։ Պարսից ծոցի այս երկիրը մերձավորարևելյան պատերազմից հետո ակտիվացրել է սպառազինության ձեռքբերումը։

Քննարկումները, որոնց մասին նախկինում չէր հաղորդվել, ներառում են նաև Հնդկաստանի Akashteer հակաօդային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքը, ասել են աղբյուրները։ «ԱՄԷ-ն հետաքրքրություն է ցուցաբերել մեր մի շարք զինատեսակների, այդ թվում՝ BrahMos-ի և Akashteer-ի նկատմամբ։ Հնդկաստանի և ԱՄԷ-ի միջև բանակցությունները սկզբնական փուլում են և արագ առաջ են ընթանում»,- ասել է հարցին անմիջականորեն տեղյակ երրորդ աղբյուրը։

Հնդկաստանի պաշտոնյաներն ու ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանության հարցումներին չեն արձագանքել։

Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից համատեղ մշակված BrahMos-ը աշխարհի ամենաարագ թևավոր հրթիռներից է և կարող է արձակվել ցամաքային, ծովային ու օդային հարթակներից, իսկ Akashteer-ը լիովին ավտոմատացված հակաօդային պաշտպանության համակարգ է, որը մշակել են Հնդկաստանի պետական Bharat Electronics Ltd ընկերությունն ու հնդկական բանակը։

ԱՄԷ-ն դիտարկում է պաշտպանական տեխնիկայի ձեռքբերումը Հնդկաստանից և այլ աղբյուրներից այն բանից հետո, երբ պատերազմի ընթացքում ենթարկվեց Իրանի ուժգին հարձակումներին, և քանի որ ուժեղացնում է ի հայտ եկող սպառնալիքներին արձագանքելու իր կարողությունները։ Նա նաև պետք է պաշտպանի Հորմուզի նեղուցը՝ իր էներգակիրների արտահանման կարևորագույն ճանապարհը։

Այս տարվա սկզբին ԱՄԷ-ն Հարավային Կորեայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր՝ պաշտպանական ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ, որի արժեքը կգերազանցի 35 մլրդ դոլարը։

«Մատակարարների դիվերսիֆիկացված ցանցն ԱՄԷ-ին տալիս է ավելի մեծ ռազմավարական ինքնավարություն, իսկ Հնդկաստանի հետ ավելի սերտ կապերն ունեն այն լրացուցիչ առավելությունը, որ չեն գրգռում ԱՄՆ-ին, քանի որ երկրները մնում են դաշնակիցներ»,- ասել է հակամարտությունների մոնիթորինգով զբաղվող Armed Conflict Location & Event Data խմբի՝ Հարավային Ասիայի հարցերով ավագ վերլուծաբան Փըրլ Փանդյան։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2021-2025 թվականներին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք զենքի ամենախոշոր մատակարարն էր և ապահովել է ներմուծման 54%-ը, որին հաջորդում են Իտալիան՝ 12%-ով, և Ֆրանսիան՝ 11%-ով։

Մինչև ԱՄԷ-ին BrahMos վաճառելու որևէ գործարք կնքելը Հնդկաստանին կպահանջվի Ռուսաստանի համաձայնությունը, քանի որ 290 կմ հեռահարությամբ հրթիռը մշակվել է համատեղ։ Աղբյուրներից մեկն ասել է, որ դա, ամենայն հավանականությամբ, խոչընդոտ չի դառնա՝ հաշվի առնելով Մոսկվայի ու Աբու Դաբիի սերտ կապերը։

SIPRI-ի սպառազինության փոխանցումների ծրագրի ավագ հետազոտող Սիմոն Վեզեմանն ասել է, որ ինչպես BrahMos հրթիռը, այնպես էլ Akashteer համակարգը կարող են բավարարել ԱՄԷ-ի կարիքները, թեև Պարսից ծոցի երկրներին զենք վաճառելու միջազգային մրցակցությունն աճում է, և ԱՄԷ-ն արդեն փորձ ունի այլ մատակարարների հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն