l-0x0wh-786x458z-1-156

Տեղի է ունեցել հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հունիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի համակարգմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կարողությունների գնահատման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ՆԳ նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Անդրադառնալով անտառային հրդեհների վիճակագրությանը և վերջին տարիների դինամիկային՝ Արամ Ղազարյանը շեշտել է, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում գործընկեր կառույցների միջև սերտ և համակարգված համագործակցությունը հրդեհների արդյունավետ կանխարգելման կարևորագույն նախապայմաններից է։

Քննարկվել են 2025 թվականին արձանագրված խոշոր հրդեհների դեպքերը, վերլուծվել արձագանքման գործընթացում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև գնահատվել դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Անդրադարձ է կատարվել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումներին և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորություններին։

Առանձնակի կարևորվել է ահազանգերին օպերատիվ արձագանքումը, հրդեհավտանգ օրերին փրկարարական ուժերի և միջոցների նախապես տեղակայման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեխնիկական և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

Արամ Ղազարյանը կարևորել է ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության ամրապնդումը, այլև բնակչության, համայնքների և կամավորական խմբերի լայն ներգրավմամբ իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով, որ հրդեհների կանխարգելման գործում հանրային պատասխանատվությունն ու զգոնությունը առանցքային նշանակություն ունեն։ Նա ընդգծել է նաև ինչպես գերատեսչությունների կողմից հանրային իրազեկման խողովակներով, այնպես էլ մարզային կառույցների կողմից ՆԳՆ փրկարար ծառայության հետ համագործակցությամբ բնակավայրերում ակտիվ իրազեկման աշխատանքների կարևորությունը։

Նախանշվել են առաջիկայում իրականացվելիք աշխատանքների ուղղությունները և ընդգծվել հնարավոր հրդեհային իրավիճակներին համատեղ ու համակարգված ջանքերով առավել արդյունավետ արձագանքելու, դրանց ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու կարևորությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն