u7m619fndh552ysojy4wadvr2a1nre5zjfiaaes1

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հերքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած լուրը, թե իբր նախարար Գևորգ Պապոյանը «նամակ է գրել Ռուսաստանի առևտրի և արդյունաբերության նախարար  Անտոն Ալիխանովին և խնդրել իրեն հնարավորություն տալ մասնակցել հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին»։

Հրապարակը նաև գրել էր, թե իբր «ռուսական կողմից դեռևս պատասխան չի ստացվել»։

Նախարարի մամուլի խոսնակը տարածված լուրը հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածված գրառմամբ։

«Այսօր մամուլում իրականությանը չհամապատասխանող հերթական տեղեկությունն է տարածվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրա առաջիկա գործուղման մասին:

Վերջերս, Նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:

Սա է միակ փաստը: Հրապարակման մյուս հատվածները հեղինակի կողմից ներկայացված ենթադրություններն ու գնահատականներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս։

Ուստի հորդորում եմ անձնական ցանկությունները չներկայացնել որպես փաստ և չմոլորեցնել հանրությանը»,- գրել է Շաբոյանը՝ հրապարակելով նաև ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Անտոն Ալիխանովի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղարկված հրավերը՝ մասնակցելու Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն