hyd

ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարում է, որ արդեն երեք օր է՝ Երևանի քաղաքապետարանի հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թվականին քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը։ Միության պնդմամբ՝ դրոշը վերականգնելու փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ բերման է ենթարկվել։

«Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ: Երեք օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը:

ՀՅԴ ՀԵՄ անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը: Երեկ երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ:

Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։

Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:

Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։

Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն