azatutyun.am «Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար», այսօր հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հավելելով, թե Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։
Ըստ կանոնադրության, այդ դեպքում ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։
Իսկ հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։
Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները։
2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, իսկ հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։