news.am Ռումինիայի Պատգամավորների պալատը ընդունել է Ռումինիայի և Մոլդովայի միավորման մասին օրինագիծը, որը փետրվարին ներկայացրել է եվրախորհրդարանի պատգամավոր Դիանա Շոշոակուն։ Ինչպես հաղորդում է «Gândul» լրատվական պորտալը, նախաձեռնությունն անցել է այսպես կոչված «լռելյայն ընդունման» ընթացակարգով. ըստ կանոնակարգի՝ այն նախագծերը, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվում կամ չեն մերժվում լիագումար նիստում, ավտոմատ կերպով համարվում են հաստատված։ Այդուհանդերձ, ստորին պալատի որոշումը վերջնական չէ. այժմ օրինագիծն ուղարկվել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի քննարկմանը։
Երկու երկրների միավորման գաղափարն աջակցություն է ստանում Քիշնևի ամենաբարձր մակարդակում։ 2026 թվականի հունվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե հարցը դրվեր հանրաքվեի, ինքը կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը։ «Մոլդովայի պես փոքր երկրի համար գնալով ավելի է դժվարանում ժողովրդավարական, ինքնիշխան պետություն մնալը և Ռուսաստանին դիմակայելը»,- պարզաբանել էր նա իր դիրքորոշումը։
Այս ամենի ֆոնին Քիշնևը հետևողականորեն որդեգրում է հետխորհրդային անցյալից հեռանալու և Եվրամիությանը մերձենալու քաղաքականություն։ 2026 թվականի ապրիլին Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱՊՀ ստեղծման համաձայնագիրն ու Համագործակցության կանոնադրությունը չեղարկելու մասին օրենքները։ Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ Ռուսաստանը խախտել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։ Մոլդովան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռևս 2022 թվականին, իսկ 2024-ին քաղաքացիների մեծամասնությունը հանրաքվեով աջակցել է եվրաինտեգրմանը։ Հենց այդ ժամանակ էլ Մայա Սանդուն վերընտրվել է երկրորդ ժամկետով, իսկ 2025 թվականի սեպտեմբերին նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն է պահպանել խորհրդարանում։