arm.sputniknews.ru ՀՀ գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԸՀ-ից։
«Միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի ՍԴ–ի որոշումից հետո, քանի որ հանձնաժողովն այժմ ընդդիմադիր ուժերի` ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում»,- հայտնեցին ԿԸՀ-ից։
Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի` Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես պլանավորած 2–3-օրյա այց ուներ, այդ նպատակով էր մեկնում երկրից։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։