Էժան ծաղիկների թանկ գինը. ինչ է սպասում հայ արտադրողին

2021-2025 թվականներին Հայաստանից ծաղիկի արտահանման ծավալներն աճել են մոտ 7 անգամ։ Հիմնական ուղղությունը՝ Ռուսաստան, որը և ապահովում է ծաղիկների արտահանումից ստացված ընդհանուր եկամտի 90%-ը։

Սակայն մայիսի 22-ից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների արտահանումը՝ նշելով, որ շարունակում են հայտնաբերել ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող օբյեկտներ՝ չնայած հայկական կողմի տված անվտանգության երաշխիքներին։

Տոննաներով ծաղիկները, որ արտադրողները նախատեսել էին արտահանման համար, այժմ մնացել են Հայաստանում և վաճառվում են սեզոնային արժեքից զգալիորեն ցածր։

Ի՞նչ է սպասվում ծաղկի շուկայում, ի՞նչ  վնասներ են կրում արտահանողները, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Ինֆոքոմն» ուսումնասիրել է վիճակագրությունը, զրուցել ոլորտի ներկայացուցիչների հետ։

Ծաղիկների արտահանումը ԵԱՏՄ և ԵՄ երկրներ հնարավոր է միայն բուսասանիտարական հավաստագրի առկայությամբ։ Այն տրամադրում է պետական լիազոր մարմինը (Հայաստանում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է,- հեղ.)։ Այդ փաստաթուղթը հավաստում է, որ ապրանքը զերծ է կարանտինային վնասատուներից և համապատասխանում է բույսերի առողջության և անվտանգության պահանջներին։ 

ԵՄ շուկա բույսերի և ծաղիկների ներմուծումը կարգավորվում է բույսերի առողջության միասնական եվրոպական կանոններով (EU Plant Health Regulation)։ 

ԵՄ-ում վերահսկողության համակարգը համարվում է ավելի խիստ և բազմաստիճան՝ համեմատած մի շարք այլ շուկաների հետ․ ռիսկերի գնահատման հիման վրա որոշ խմբաքանակներ սահմանային անցակետերում կարող են ենթարկվել նաև լրացուցիչ ստուգումների։

Հայաստանը ծաղիկներ է արտահանում հիմնականում ԵԱՏՄ երկրներ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ հայկական ծաղկի արտահանումը վերջին տարիներին աճ է գրանցել։ 

2021 թվականին Հայաստանից արտահանվել են մոտ 3600 տոննա ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և այլ դեկորացիաներ (ապրանքային կոդը՝ 0603), իսկ 2025-ին այս ցուցանիշն աճել է մոտ 3 անգամ՝ հասնելով 9889 տոննայի։

Դրան զուգահեռ, ոլորտից ստացված եկամուտները 2021-2025թթ. աճել են մոտ 7 անգամ՝ 7.8 միլիոն դոլարից հասնելով մոտ 53 միլիոն դոլարի։

Ընդհանուր առմամբ, 5 տարում արտահանվել են 130.8 միլիոն դոլարի ծաղիկ, կոկոններ և դեկորացիաներ, որից մոտ 90%-ը՝ 117.7 միլիոնը, ստացվել է Ռուսաստանից։ 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ նույն ժամանակահատվածում հայկական ծաղկի արտահանման գլխավոր շուկան եղել է Ռուսաստանը՝ մոտ 12 անգամ գերազանցելով երկրորդ ամենամեծ ուղղությանը՝ Վրաստանին։

Օրինակ, 2025թ.ին միայն Ռուսաստան տոննայով արտահանվել են 2326 ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորացիաներ, իսկ Վրաստան՝ 195 տոննա։

Ջերմոցն ամեն օր 250 000 դրամի վնաս է կրում. արտահանող

Տեղական ջերմոցային տնտեսություններից մեկի սեփականատեր և արտահանող Կարեն Մ.-ն (անունը փոխված է,- հեղ.) ասում է, որ Ռուսաստանի սահմանափակումներից հետո իրենց փոքր ջերմոցն ամեն օր կրում է 250.000 դրամի վնաս։ 

Նա նշում է, որ հունիսի 23-ի դրությամբ իրենք պետական մարմիններից որևէ հստակ պարզաբանում կամ հրահանգ չեն ստացել։ Այլ շուկաներ, օրինակ՝ Եվրոպա, փոքր ծավալների պատճառով արտահանել չեն կարող, իսկ տեղական սուպերմարկետների հետ համագործակցել չի հաջողվում, քանի որ այնտեղ հիմնականում ներկայացված են խոշոր տնտեսությունները։ Բացի այդ, ըստ նրա, ոչ մեկը ծաղիկ չի գնում ամեն օր.

«Ծաղիկը, ինչքան էլ գինը էժան լինի, մի անգամ 1 ծաղկեփունջ կգնես կամ 2։ Դա ուտելու բան չէ, կեռաս չէ, որ ասես՝ հազիվ էժան ա, ուտենք: Եթե հիմա ամեն ինչ այդպես լիներ, ամեն տանը 15-20 ծաղկեփունջ պետք է լիներ դրած»։

Կարենը բացատրում է, որ ծաղկաբուծությունից այլ բիզնեսի անցնելը կամ ջերմոցի ձևափոխումը իր համար գրեթե անհնար է և շատ ծախսատար.

«Մեր ջերմոցը հիդրոպոնիկ է, հողի վրա չէ, բույսերը հողի մեջ չեն աճում։ Սա հնարավոր չէ հեշտությամբ քանդել ու վերափոխել։ Նույնիսկ կուլտուրան փոխելու դեպքում տասնյակ միլիոնների նոր ծախս է պահանջում։ Ջերմոցները ձմռանը մեծ ծախսերով ջեռուցվել են, որպեսզի այս սեզոնին կարողանան գումարը փակել, բայց հիմա տակ ենք տալիս»։

Ի՞նչ է հիդրոպոնիկ ջերմատունը

Հիդրոպոնիկ ջերմատունը մի համակարգ է, որտեղ բույսերն աճեցնում են առանց հողի։ Հողի փոխարեն բույսի արմատները դրվում են հատուկ ջրի մեջ, որն արդեն հարստացված է անհրաժեշտ վիտամիններով ու հանքային նյութերով։

Արտահանողը կարծում է, որ խնդիրը շղթայական է և շուտով կարող է անդրադառնալ նաև գյուղատնտեսության այլ ոլորտների, մասնավորապես խաղողագործության, ինչի հետևանքով նաև կոնյակի ու գինու արտահանման վրա։

Եթե արտադրողները ձախողեն, մի հատ վարդը 2000 դրամից պակաս չենք գնելու. ֆերմեր

Ծաղկի շուկայում ստեղծված ներկայիս իրավիճակը շատ մեծ ռիսկեր է պարունակում տնտեսության համար։ Այս կարծիքին է գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչ, գործարար և ֆերմեր Հարություն Մնացականյանը։ 

Հայաստանից տարեկան արտահանվում է շուրջ 50-60 միլիոն ԱՄՆ դոլարի ծաղիկ, և եթե արտահանման ծանրակշիռ մեծամասնությունը ձախողվի, դա կհանգեցնի տնտեսությունների քայքայման, սնանկացումների և աշխատատեղերի կրճատման.

«Ցանկացած գնանկում, որը բերում է արտադրողի՝ ինքնարժեքից ցածր վաճառելուն, կոնկրետ վատ հետևանքների է հանգեցնում։ Նույն իրավիճակն էր ձվի շուկայում մոտ 5 տարի առաջ. բոլորն ուրախանում էին էժանացմամբ, բայց այսօր թանկ են գնում,– ասում է Հ. Մնացականյանը։ – Եթե այսօր մեր արտադրողները ձախողեն, վաղը-մյուս օրը մի հատ վարդը 2000 դրամից պակաս չենք գնելու»,- կանխատեսում է նա։

Ըստ Մնացականյանի՝ այս իրավիճակը բերելու է ամսական կտրվածքով մոտ 5 միլիոն դոլարի վնաս։ 

Նա ընդգծում է, որ հայկական ծաղկաբուծությունը երկար տարիներ հիմնված է եղել ռուսական շուկայի վրա։ Ըստ փորձագետի՝ այս պահին ոլորտը տեխնիկապես ու որակական չափանիշներով պատրաստ չէ եվրոպական շուկա մտնելուն (բացառությամբ շատ փոքր քանակների)։ 

Ըստ նրա՝ եթե «պլան Բ» չլինի, աշնան սեզոնին ծաղիկ արտադրողները ստիպված կլինեն անցում կատարել այլ՝ հիմնականում սննդի մշակաբույսերի և փորձեն ուսումնասիրել այլընտրանքային մրցունակ շուկաներ.

«Ես հույս ունեմ, որ [սահմանափակումը] ժամանակավոր է, շատ մեծ հույսեր եմ փայփայում, որովհետև շատ ափսոս են մեր ծաղիկ արտադրողները. այդքան տարվա ջանքերը, չարչարանքը կընկնեն ջուրը»։

«Մենք հոլանդական վարդերի որակ ենք կարողանում տալ». նախարար

Այս մտահոգություններին զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուներից Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեռևս մայիսի 21-ին հայտարարել էր,, որ հայկական ծաղիկներն ունեն բարձր որակ, ջերմատներում տեղադրված են գերժամանակակից տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս բազմազանեցնել արտահանման ուղղությունները.

«Հիմա մեխանիզմներ ենք քննարկում Եվրոպական Միության շուկա դուրս գալու, օրինակ՝ վարդի մասով։ Մենք հոլանդական վարդերի որակ ենք արդեն կարողանում տալ՝ ամենաբարձրը աշխարհում, որովհետև պետական աջակցությամբ՝ ֆրանսիական, գերմանական և այլ երկրների նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդներն են ներդրված, այսինքն՝ դա ամենաբարձր որակն է. որակի մասով քննարկում ուղղակի չի կարող լինել»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ տնտեսվարողների հետ քննարկվել են աջակցման տարբերակներ, օրինակ՝ տրանսպորտի փոխհատուցման աջակցությունը: Որոշ հարցեր էլ, ըստ նախարարի, պարզապես «նախարարության պատասխանատվությունը չեն»։

Անդրադառնալով արտահանման արգելքի քաղաքական ենթատեքստերին՝ Գ. Պապոյանն ասել է, որ ռուսական կողմի հետ խնդիրներ չկան.

«Մեր և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները իրականում շատ լավն են, մենք գործընկերային ենք, առանձին հարցերի շուրջ մամուլում որոշակի լարվածությունները հեռու են իրականից»։

Ծաղիկ արտահանողները պետք է ադապտացվեն նոր ուղղություններին. վարչապետ

Վերջերս Գ. Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հունիսի 19-21-ը Հայաստանից արտահանվել է 390 հազար և 7 տոննա ծաղիկ, սակայն նախարարը չէր նշել՝ որ ուղղությամբ։ Համեմատության համար՝ 2025թ․ հունիսին Հայաստանից արտահանվել է 865 տոննա ծաղկեփնջի ծաղիկ, այսինքն՝ օրական միջինը 28-29 տոննա։

Իսկ այսօր՝ հունիսի 25-ին, Կառավարության նիստում քննարկվել է Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին հայկական շուկայում տիրող իրավիճակը։ 

Գ. Պապոյանն ասել է, որ ծաղկի և լոլիկի շուկայում իսկապես կա տեսանելի գնանկում.

«Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշել է, որ ստեղծված իրավիճակը, մարտահրավերներով հանդերձ, հայկական արտադրանքի սպառման շուկաների բազմազանեցման հնարավորություն է բացում.

«Մեծ հաշվով, տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք. դա հայկական արտադրանքի արտահանման սպառման շուկաների բազմազանեցումն է: Ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել այս պրոցեսին. զանազան խոչընդոտներն արագ հաղթահարվելու են, և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար»։

Էկոնոմիկայի նախարարը, լրացնելով արտգործնախարարին, ընդգծել է, որ ամենավատատեսական սցենարները չեն իրականացել, և այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում եվրոպական ուղղություններով.

«Մենք, ըստ էության, բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում, պետք է շարունակենք աշխատել»,- նշել է Պապոյանը՝ հայտնելով, որ Նիդերլանդներում և Բելգիայում ևս այս պահին ուղիղ հանդիպումներ են ընթանում հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ:

Արձագանքելով նախարարներին՝ վարչապետ Ն. Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ ծաղիկ արտահանողները հնարավորինս արագ պետք է հարմարվեն այն շուկաներին, որոնք սահմանափակումներ չունեն. 

«Հիմա մենք տեսնում ենք, որ նոր ուղիներ են ի հայտ գալիս, նոր արտահանման երթուղիներ, և այդպես շարունակ: Ծաղիկի պարագան այն է, որ սպեցիֆիկաներ ունի, և հիմա մեր ծաղիկ արտադրողները հնարավորինս արագ պետք է ադապտացվեն այն ուղղություններին, որոնք բացվել են, որոնք, մեծ հաշվով, սահմանափակում չունեն»,- ասել է Փաշինյանը,- «պետք է կարողանալ մտնել պրոցեսի մեջ, և պրոցեսի տրամաբանությամբ և կարգավորումներով գործել»,- եզրափակել է Ն. Փաշինյանը։

 

Հեղինակներ՝

Աննա Ասլանյան
Էրիկ Գալստյան

Մենթոր-խմբագիր՝
Տաթև Խաչատրյան