factor-13-3

ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները | factor.am

factor.am Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը երկու միջնորդություն էր ներկայացրել բարձր դատարանին՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ներգրավելու համար։ Առաջին միջնորդությամբ դատավորը Գրիգորյանին որպես հարակից պատասխանող, իսկ մյուս դեպքում որպես վկա ներգրավելու միջնորդություններ էր ներկայացրել։

Դատարանը երկու միջնորդություններն էլ մերժել է։

«․․․Հարակից պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է մերժման՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի․․․համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին (պարտավոր են) օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների»,-նշվում է որոշման մեջ։

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին որպես վկա ներգրավելու միջնորդությունը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «․․․Կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ: Խնդրո առարկա հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձը Սահմանադրական դատարանում գործով վկայի դատավարական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն դեպքում, երբ վերջինիս ցուցմունքներով հնարավոր է բացահայտել գործով պարզման ենթակա որևէ փաստ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում ներկայացված միջնորդությունը բավարարելու բավարար հիմքեր առկա չեն»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն