l-0x1wh-786x458z-1-5

Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 25-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն,

Ձերդ Գերազանցություններ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ:

Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։

Հայաստան – ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։

Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան: Դրա մասին են վկայում նաև վերջին շրջանում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցերը Հայաստան, կնքված համապարփակ գործընկերության մասին կանոնադրությունը, փոխըմբռնման հուշագրերը և ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Խաղաղության կարևոր գրավական լինելուց զատ, ԹՐԻՓՓ-ը հանդիսանալու է նաև տարածաշրջանային և գլոբալ տրանսպորտային երթուղիների կարևոր հանգույց:

Տիկնայք և պարոնայք,

Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ նաև ամերիկահայ մեր հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել ԱՄՆ զարգացման գործում՝ ամրապնդելով նաև հայ-ամերիկյան բարեկամական կապերը։

Կրկին շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ ցանկանում եմ հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն:

Շնորհակալություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն