a9zdywscm2hryign

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն բարձրացներ է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի անկողմնակալության հարցը | civilnet.am

civilnet.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում ընթացող նիստի ժամանակ կասկածի տակ է դրել դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ընտրական վեճի քննությանը՝ հիմնավորելով դա նրա նախկին քաղաքական կապերով և փաստաբանական գործունեությամբ։

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 քաղաքական ուժերի դիմումները:

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում նիստի ժամանակ Վարդևանյանը նշել է, որ Սաֆարյանը զբաղեցրել է պատգամավորի թեկնածուների ցուցակի երրորդ հորիզոնականը մի քաղաքական ուժի կազմում, որն այժմ դատարանում հանդիսանում է դիմող սուբյեկտ։

Սեդա Սաֆարյանը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։

Ըստ Վարդևանյանի՝ Սեդա Սաֆարյանի պաշտոնավարման ընթացքում Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բավարարել հենց նրա կողմից ժամանակին՝ որպես փաստաբան ներկայացված բողոքը։ Նա շեշտել է, որ այդ որոշման մեջ բացակայում է որևէ նախադասություն այն մասին, որ դատավորն այլևս առնչություն չունի տվյալ գործի հետ, ինչը, ըստ փաստաբանի, պատշաճ քննարկման առարկա չի դարձել աշխատակարգային նիստի ժամանակ։

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, անդրադառնալով դատավորների մասնակցության վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, հայտարարել է, որ դատավորի մասնակցության անհնարինության հարցը ՍԴ որոշման առարկա դառնալու համար անհրաժեշտ է, որ այն բարձրացվի դատավորներից որևէ մեկի կողմից։

Նիստի ընթացքում դիմող կողմի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են դատավոր Սեդա Սաֆարյանի անաչառության վերաբերյալ իրենց կասկածները։ Արամ Վարդևանյանը հիշեցրել է Սաֆարյանի նախկին հայտարարությունն այն մասին, որ «վերադարձ անցյալին չի լինելու»՝ հարցադրում անելով, թե արդյոք դա չի կանխորոշում նրա վերաբերմունքը նախկինում իշխանություն եղած քաղաքական ուժերի նկատմամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն