Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Երևանի «Գլոբալ առաջնորդության» և «Բացահայտիր Հայաստանը» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ տիար Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում է Մայր աթոռից։
«Հանդիպմանը տիար Վազգեն Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ ընդգծելով դրանց կարևորությունը սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնագիտակցության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը բերելով երիտասարդներին՝ գոհունակությամբ արձանագրեց, որ ՀԲԸՄ-ն իր աշխարհասփյուռ կառույցներով համախմբում է հայորդիներին, ազգապահպան իր առաքելության շրջանակում իրականացնում կրթական, մշակութային ու երիտասարդական բազմաբնույթ ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով նաև Հայոց Եկեղեցու հետ։
Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կրթադաստիարակչական և հայրենաճանաչության ամենամյա նախաձեռնությունները, որոնց շնորհիվ սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ունենում ճանաչելու և բացահայտելու հայրենիքը՝ նրա պատմությունը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հաղորդ դառնալու հայրենի իրականությանը։
Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հանդեպ սիրո ու պատասխանատվության գիտակցության զորացման համար։
Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը անջնջելի դրոշմ են թողնելու հայորդիների հոգում՝ զորացնելով նրանց ազգային ոգին ու գիտակցությունը և դառնալով ներշնչանքի աղբյուր՝ հայրենիքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը ծառայեցնելու իրենց համայնքների շենացմանն ու հայրենիքի բարօրությանը»,- նշված է հաղորդագրությունում։