Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության պետական քարտուղար Ֆրանո Մատուշիչի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության ձևաչափի հաստատումը մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը: Խորվաթական կողմը վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանն ու ռազմավարական օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները պայմանավորվել են երկուստեք ջանքեր գործադրել ակտիվ քաղաքական երկխոսության և բարձրաստիճան փոխադարձ շփումների դինամիկայի պահպանման ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է 2026 թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի մանրամասները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ քայլերը»,- նշված է հաղորդագրությունում։