«Ես չեմ արգելափակել այն և միանշանակ կողմ եմ ճանաչմանը»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, երբ Ynet Global-ի լրագրողը հարցրել է նրան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին։
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձևը կիրակի օրը կայանալիք կառավարության նիստին կներկայացնի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Սաարը, բանաձևի մասին հայտարարելով հնգշաբթի ուշ երեկոյան X-ում կատարված հրապարակմամբ, նշել է, որ առաջարկվող բանաձևն այնուհետև կներկայացվի Քնեսեթի (խորհրդարանի) քվեարկությանը։
«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը թե՛ բարոյական, թե՛ պատմական պարտք է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»,- հայտարարել է Սաարը։