factor-39-1

«Տեղի ունեցած խախտումներն այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ դրանք ճանաչվեն անվավեր»․ Սրբուհի Գալյան

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։

Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին հարց ուղղեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանը։ Նրա նշեց, որ ՔՊ ղեկավարի հրապարակային գնահատմամբ՝ ընդդիմության հայտնի հատվածի ստացած քվեները լեգիտիմ չեն կամ ձևավորվել են ընտրակաշառքի ազդեցությամբ։ Միաժամանակ, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում նախօրեին պնդել է, որ խախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքը, չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա․ «Խնդրում եմ հստակ պատասխանել՝ ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ որոշ ուժերի ստացած քվեները ընտրակաշառքի արդյունք են, բայց ընտրությունների ընդհանուր արդյունքը լիարժեք արտացոլում է ժողովրդի ազատ և իրական նախընտրությունը»։

Ի պատասխան ՔՊ ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ խախտումները եղել են և պետք է արժանանան ամենախիստ քրեաիրավական գնահատականի, բայց ընտրական  արդյունքների համատեքստում իրենք չեն կարող դրանց ազդեցությունը գնահատել․ այն իրողությունը, որ կա այսօր, ցույց է տալիս, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը և իրացնել իր ընտրելու իրավունքը։

Նա ընդգծել է, որ վարչապետը երբևէ չի ասել, թե այդ դատողությունների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքը պետք է դրվի կասկածի տակ։

«Այն, ինչ ասվել է, վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին և հանդիսացել է քաղաքական գնահատական, ինչը չի բացառում և հակառակը՝ չպետք է բացառի վարույթ իրականացնող մարմինների կողմից տրվելիք գնահատականը։ Ես երեկ շատ երկար խոսեցի այն թեստի մասին, որը սահմանում է Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաև դրան անդրադարձ էր կատարվել Սահմանադրական դատարանի՝ իմ կողմից նշված որոշումներում, որ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելը բացառիկ միջոց է, և դա չի կարող կապվել մեկ կամ մի քանի խախտումների հետ։ Դրա համար պետք է ծանրակշիռ պատճառ»,- ասել է Գալյանը։

Նրա խոսքով՝ իրենց պնդումն այն է, որ տեղի ունեցած դեպքերը այն աստիճան ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքի վրա, որ  մի կողմ թողնեն այն քաղաքացիների քվեները, որոնք տրվել են ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման համատեքստում, և ասեն, որ ընտրություններն անվավեր են։

ՔՊ մեկ այլ ներկայացուցիչ Սուրեն Գևորգյանն ընդգծեց, որ Վահագն Մարտիրոսյանը պնդումն անտրամաբանական է․ «Այն տրամաբանությունը, որ եթե ընտրություններն ամբողջությամբ, 100 տոկոսով անարատ չեն անցել, էդ պայմաններում ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, կբերի նրան, որ ոչ մի ընտրություն հետագայում անվավեր ճանաչվելուց չի խուսափի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն