Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։
Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Դեսպանատան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրաբանական ծառայության ձևավորման գործընթացում ԱՄՆ-ի փորձը և դրա հիման վրա հնարավոր համագործակցության ուղղությունները, անդրադարձել են նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է մայիսին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության և կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի համատեքստում համագործակցության կարևորությունը։