armenpress.am Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի կարծիքով՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում ՀՀ քաղաքացիները վերահաստատել են իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը։
Այս մասին Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է instagram-ի իր էջում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ տարածած տեսանյութին կից գրառման մեջ։
«Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին աջակցությունը իրենց երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը»,-իր գրառման մեջ նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կպահպանի մեծամասնությունն Ազգային ժողովում ու կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։
Նրա խոսքով՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, այնպես էլ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հունգարիան լուրջ թիրախ են դարձել ռուսական քարոզչական արշավների, որոնք ուղղված են նրանց հասարակությունները պառակտելուն և ժողովրդավարական ինստիտուտները խաթարելուն։
«Այնուամենայնիվ, նրանցից յուրաքանչյուրը վերջերս յուրովի է հակադարձել Ռուսաստանի ազդեցության արշավներին՝ ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան»,-գրել է Յոհան Վադեֆուլը։
Նա նաև հայտնել է, որ վերջերս Եվրամիությունը բացել է անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը Մոլդովայի և Ուկրաինայի հետ։ Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ չնայած սա չի նշանակում, որ երկրներից որևէ մեկը մեկ գիշերվա ընթացքում կդառնա ԵՄ անդամ, սակայն այն վերահաստատում է կողմերի նվիրվածությունը այդ նպատակին և ապահովում է հստակ ճանապարհային քարտեզ այն բարեփոխումների համար, որոնք, ի վերջո, կամրապնդեն ամբողջ Եվրոպան։
Իր գրառման մեջ Գերմանիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Հունգարիային, որտեղ ևս ամիսներ առաջ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով երկրում փոխվել է իշխանությունը։
«Հունգարիան ընտրել է նոր կառավարություն՝ վերջ դնելով տարիներ տևած քաղաքական փակուղուն, որը խոչընդոտել էր եվրոպական կարևոր որոշումների կայացմանը։ Իր նոր կառավարությամբ Հունգարիան բացում է դուռը դեպի ավելի սերտ եվրոպական համագործակցություն՝ այդպիսով մեզ բոլորիս ավելի ուժեղ դարձնելով»,-գրել է նա։
Նրա բնորոշմամբ՝ սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է, սակայն իրական աշխարհը պատմում է այլ պատմություն։
«Մարդիկ անընդհատ տեսնում են Կրեմլի՝ բաժանելու և տիրելու փորձերը և փոխարենը ընտրում են համագործակցության, ազատության և ժողովրդավարության վրա կառուցված ապագա։ Եվրոպան շարունակում է ամրապնդվել՝ մոտիկ և հեռու գործընկերների հետ»,-ընդգծել է Յոհան Վադեֆուլը։
Վերջինս շեշտել է, որ ԵՄ-ի շրջանակներում Գերմանիան և Էստոնիան միասին են՝ ամրապնդելով Եվրոպայի դիմադրողականությունը արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության դեմ, որովհետև փաստերի, ժողովրդավարության և ընդհանուր արժեքների պաշտպանությունը եվրոպական ընդհանուր պատասխանատվություն է։