armenpress.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 29-ի գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքի փողոցներում շինարարությունից հետո իրականացվող ասֆալտապատման աշխատանքների որակին։
Քաղաքապետը մասնավորապես խոսել է Ավետ Ավետիսյան փողոցում կատարված աշխատանքների մասին, որոնք, նրա խոսքով, իսկապես ֆունդամենտալ են եղել, և նման ծավալի խորքային աշխատանք տասնամյակներ շարունակ չէր իրականացվել։
Սակայն, ըստ Ավինյանի, այդ ծավալի աշխատանքներից հետո ասֆալտապատման որակի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։
«Կապալառուները պետք է հասկանան, որ նման ծավալի աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական՝ թե՛ որակի, թե՛ հարթության առումով։ Նույնը վերաբերում է նաև մեր բոլոր մյուս աշխատանքներին։ Կիևյան կամրջում ահռելի ծավալի աշխատանք է իրականացվում։ Եթե վերջում ասֆալտապատման մասով խնդիր ունենանք, գումար չենք վճարելու»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ նման աշխատանքներից հետո ասֆալտը պետք է լինի իդեալական որակի։