Մասնագետները նաև մտահոգություններ ունեն անձնական տվյալների պաշտպանության հարցերի առնչությամբ. նախագծի համաձայն՝ շտեմարանի ձևավորման և շահագործման նպատակով բջջային հեռախոսակապի ցանցի օպերատորները ստեղծելու են հավասար հիմունքներով հիմնադրված կազմակերպություն՝ ադմինիստրատոր։ Վերջինս կարող է IMEI շտեմարանի տվյալների օգտագործմամբ մշակել ու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցել թվային այլ ծառայություններ։
Փորձագետների կարծիքով՝ հենց թվային այլ ծառայություններ եզրույթը հատկապես խնդրահարույց է տվյալների մշակման, փոխանցման տեսանկյունից․ ի՞նչ հիմունքներով և ո՞ւմ են դրանք փոխանցվելու, ինչպե՞ս են պահպանվելու, ի՞նչ ծառայություններ են մատուցվելու։
Սրան զուգահեռ, փորձագետները նշում են, որ նախագծերի փաթեթով սահմանված չէ IMEI շտեմարանում այս կամ այն տվյալի պահպանման ժամկետը․ խոսքը ոչ թե շտեմարանի մասին է, որը թարմացվող է, այլ որևէ կոնկրետ տվյալի։ Միաժամանակ պարզ չէ, թե ինչու է անհրաժեշտ շտեմարանում առկա բոլոր տվյալները պահպանել անժամկետ (հավերժ)։