3-18

Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին | factor.am

factor.am Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում դատավոր Սեդա Սաֆարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարցեր ուղղեց ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ։

Սաֆարյանը հիշեցրեց դիմողների պնդումներից մեկը, ըստ որի՝ ընտրության օրը մեկ տեղամասից 50 մետր հեռավորության վրա իրականացվել են ընտրողների ուղղորդման դեպքեր։

Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը չի կարող ինքնաբերաբար վերագրվել բոլոր տեղամասերին։

Նրա խոսքով՝ քվեարկության օրը ԿԸՀ-ում գործել են թեժ գիծ և իրավիճակային կենտրոն, իսկ ստացված բոլոր ահազանգերն ու մամուլում հրապարակված տեղեկությունները ստացել են օպերատիվ արձագանք։

«Եթե անհրաժեշտություն է առաջացել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կապվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի հետ և պահանջել, որպեսզի այն խնդիրը, այն բողոքը, որ եղել է, արագ լուծվի։ Եվ լուծվել է»,- ասաց Հովակիմյանը։

Միաժամանակ նա ընդունեց, որ նման մասշտաբի ընտրական գործընթացում առանձին թերություններ բացառել հնարավոր չէ։

«Գործ ունենք մի գործընթացի հետ, որի իրականացման ընթացքում ներգրավված են մոտ 40 հազար մարդ»,- նշեց նա։

Սեդա Սաֆարյանը, սակայն, ընդգծեց, որ իր հարցը վերաբերում էր ոչ միայն ընտրության օրվան, այլև մինչև քվեարկությունը ձևավորված ընտրողի ազատ կամքի վրա հնարավոր ազդեցություններին։ Նա հիշեցրեց, որ նախընտրական շրջանում լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են եղել, հրապարակվել են նաև տվյալներ իրավապահ մարմինների կողմից, և հետաքրքրվեց՝ արդյոք ԿԸՀ-ն փորձել է պարզել այդ տեղեկություններն առնչություն ունե՞ն ընտրական գործընթացին։

Հովակիմյանը պատասխանեց, որ ընտրությունների կազմակերպումը պետական տարբեր մարմինների համատեղ գործընթաց է, և յուրաքանչյուր մարմին ունի իր լիազորությունները։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն չի կարող նախաքննության փուլում գտնվող նյութերի կամ իրավապահ մարմինների հրապարակումների հիման վրա ինքնուրույն իրավական գնահատականներ տալ։

«Ինչո՞ւ եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչո՞վ եք ձեզ այդպես կաշկանդել։ Ի՞նչն է ձեզ արգելում, որպեսզի պետական մարմիններից տեղեկություն ստանաք։ Կարծում եմ՝ ընտրական օրենսգիրքն այդպիսի արգելքներ չունի»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն, անհրաժեշտության դեպքում, կարող է պետական մարմիններից տեղեկություններ ստանալ, սակայն դրանք չեն կարող ինքնին իրավական հետևանք առաջացնելու հիմք դառնալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն