ՆԳ նախարար, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը հունիսի 29-ին մասնակցել է «Սահմանային կառավարման բարեփոխումներ և սահմանապահների կրթություն․ դասեր ԵՄ մոտարկման գործընթացներից» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) և ՆԳ նախարարության համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Նախարարը նշել է, որ սահմանների համալիր կառավարման բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են և զուգահեռաբար ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ ժամանակակից անվտանգային մարտահրավերները՝ անօրինական միգրացիան, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, մարդկանց թրաֆիքինգը, փաստաթղթային խարդախություններն ու նոր սպառնալիքները, պահանջում են համապարփակ և համակարգված լուծումներ։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է արդիականացնել ներքին անվտանգության և սահմանների կառավարման համակարգը՝ հիմնվելով եվրոպական լավագույն փորձի, գործընկեր երկրների բարեփոխումների և միջազգային համագործակցության վրա»,- նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։