l-1x0wh-1239x722z-0-6344

Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին | 1lurer.am

1lurer.am Կարող ենք ասել, որ առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի առաջին՝ ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք, անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ուրախ եմ, որ բժշկական կենտրոնների կողմից ապահովագրական համակարգին միանալու գործընթացը բավականին սահուն անցել ենք»,- նշեց նախարարը:

Նա թվեր ներկայացրեց, որոնք ցույց են տալիս իրականացրած և մատուցած ծառայությունների ծավալները:

«Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի մեկից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար հոգի է:

2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 2028 թվականի հունվարից արդեն պետական պատվերը, որպես բյուջետային ծրագիր, արդեն կավարտվի:

1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Սա բավականին մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սքրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու, բժշկական ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է:

Ընդհանուր 97.4 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ մինչ ընտրությունները հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, թե, իբր, առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները և դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա:

«Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կա, որ հնարավորինս արագ ստանան ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Նաև մեր կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողությունների ընդլայնման և այլն, մենք կարողացանք դիմակայել այս դիմելիությանը, կառավարել և այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք:

Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն: Սա ևս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ-որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացում»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն