lajc9nqeot93psbul7bvvgljelkxywm5nsyzrqmx

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին գումարել է նիստ։ ՀՌՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ քննարկվել են հետևյալ հարցերը․

1. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

2. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

3. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային` ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու վերաբերյալ:

4. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:

5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 21 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Առաջին հարցով ՀՌՀ-ն որոշել է հաստատել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։

Այնուհետև Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊԸ դիմումը և 2026թ․ հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Ընկերությանը 2021թ․ փետրվարի 3-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

ՀՌՀ-ն հունիսի 30-ին որոշել է հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային և մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում:

Հաջորդ հարցով Հանձնաժողովը որոշել է հրապարակել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը ՀՌՀ-ի պաշտոնական կայքում և հուլիսի 8-ը սահմանել մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր։

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝  ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել «ԷՖ-ԷՄ» ՍՊԸ-ն։

Հանձնաժողովն իրականացրել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության «ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հունիսի 3-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հասցվող օգտագործման հետևանքով առողջությանը վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթների պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։

Արձանագրության համաձայն՝ Հեռարձակողի ծրագրով հունիսի 3-ին հեռարձակված «Շնագայլ» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

Հանձնաժողովը որոշել է «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100․000 ՀՀ դրամով:

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն