nhgxwe3ewtcnbqtho0zlqclzjeyjkexs7eeuflx9

Հայաստանում պոլիկլինիկական օղակի մասնագետներ կան, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը. Ավանեսյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ Հայաստանի փորձն ու բարեփոխումների հետևողական իրականացումը երկրի առողջապահական համակարգին առանձնահատուկ տեղ են տալիս  միջազգային առողջապահական քարտեզում։

Նա նշեց, որ  համակարգի ներդրման առաջին ամիսներին բուժաշխատողների համար նոր կարգը որոշակիորեն անսովոր էր, և ժամանակ էր պահանջվել, որպեսզի նրանք ամբողջությամբ հարմարվեին ապահովագրական համակարգի պահանջներին և պատշաճ կերպով գրանցեին մատուցված ծառայությունները։

«Այս պահին արդեն աշխատավարձերի մասով բավարար աճ ենք արձանագրում։ Միայն առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում աշխատավարձերը միջինում աճել են 30-40 տոկոսով»,- հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսոի ժամանակ նշեց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ կան նաև առանձին ամբուլատորիաներ, որոնք նախկինում կուտակված ֆինանսական պարտավորությունների պատճառով դեռևս բախվում են որոշակի դժվարությունների։

«Համակարգն անցել է արդյունքային վարձատրության սկզբունքին, այսինքն` մասնագետի վարձատրությունն անմիջականորեն կախված է նրա կողմից սպասարկված պացիենտների թվից։ Եթե նեղ մասնագետը օրվա ընթացքում պացիենտների չի սպասարկում, դա կազդի նրա աշխատավարձի վրա։ Միաժամանակ ունենք բարձր ծանրաբեռնվածությամբ մասնագետներ, որոնց վարձատրությունը մի քանի անգամ աճել է։ Կան նաև պոլիկլինիկական օղակի մասնագետներ, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 1 միլիոն դրամը»,- ասաց նա։

Անդրադառնալով հերթագրմանը՝ նախարարը նշեց, որ առաջնային բուժօգնության օղակում մասնագետի մոտ ընդունելության միջին սպասման ժամկետը կազմում է շուրջ երկու շաբաթ։

«Կան առավել պահանջված մասնագետներ, որոնց դեպքում սպասման ժամանակը կարող է ավելի երկար լինել, սակայն միջին հաշվով երկու շաբաթը շատ լավ ցուցանիշ է»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ հրատապ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են անմիջապես դիմել հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության ծառայություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն