zqdec46hql8v9aghfetm9t1khttrx6pvv6nfce6z

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ Երևան քաղաքում իրականացվող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով կազմակերպվել է իրազեկում-հանդիպում Երևանի քաղաքապետարանի ոլորտի պատասխանատուների և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավար կազմի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն իր խոսքում կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ ընդգծելով, որ շենքերի արտաքին երեսապատման, սալիկների հղկման, եզրաքարերի տեղադրման, ինժեներական և կոմունիկացիոն ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև գետնանցումների վերանորոգման ընթացքում անհրաժեշտ է խստորեն պահպանել բնապահպանական նորմերն ու պահանջները։

Խորհրդակցության ընթացքում ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը և Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպել համատեղ վերահսկողական միջոցառումներ։

Նախատեսվող թիրախային ստուգայցերի նպատակն է բարձրացնել բնապահպանական պահանջների պահպանման մակարդակը, կանխարգելել փոշու արտանետումները, ապահովել իրավախախտումների վաղաժամ բացահայտումը և խթանել տնտեսավարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների լիարժեք կատարումը։

Նշվում է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնել հետևողական վերահսկողություն՝ նպաստելով Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի բարելավմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն