news.am Իհարկե, մենք նույնպես տեսել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը, որն ինչ-որ պատճառով շտապողաբար փորձում են առաջ մղել մինչև Հայաստանի գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես նա մեկնաբանել է Հանրապետության իշխանությունների՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ծրագրերի վերաբերյալ հարցը, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին ու հանրաքվեներին միայն այն պայմանով, եթե կամարտահայտման օրվանից առաջ վերջին վեց ամսվա ընթացքում փաստացի բնակվել են Հայաստանում։
«Դրա լիարժեք իրավական վերլուծությունը, բնականաբար, պետք է թողնել փորձագետներին։ Թեև հայաստանցի որոշ մասնագետներ այս նորամուծություններում արդեն իսկ հնարավոր հակասություններ են տեսնում Հայաստանում գործող Սահմանադրության դրույթների հետ։ Սակայն էությունը բոլորովին այլ է. ինչպես ակնհայտ է, օրենքն ընդհանուր առմամբ կոչված է պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները։ Իսկ այս դեպքում ստացվում է կարծես թե հակառակը՝ հայկական անձնագիր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, այսինքն, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամայից հիշվում է 2025 թվականի Մոլդովայի ընտրարշավը։ Այն ժամանակ, եթե հիշում եք, Սանդուի վարչակարգը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի պարագայում նույնպես այդպես է ստացվում. սփյուռքը մեկուսացված կմնա իր երկրի ու իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»,- ասել է Զախարովան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում