ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած Կառավարության ներդրումային կոմիտեի նիստի ընթացքում հաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից գրառում արել։
«Առաջինը՝ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է․ անցնում ենք գործնական փուլ․ դիմելու ենք միջազգային գործընկերներին, ստանալու ենք առաջարկները և ընտրելու ենք այն գործընկերոջը, որի հետ հնարավոր կլինի ամենաարագը մեկնարկել ծրագրի իրականացման մրցութային գործընթացը։
Երկրորդը՝ Երևանի մետրոպոլիտենի ամբողջական արդիականացումն է․ նախատեսվում է շարժակազմի ավելացում, ռելսերի, վագոնների և համակարգի հիմնական ենթակառուցվածքների փոխարինում ու թարմացում։
Երրորդը՝ էլեկտրական ավտոբուսների ծրագիրն է, որով ավարտին ենք հասցնելու վերգետնյա հասարակական տրանսպորտում մեկնարկած լայնածավալ բարեփոխումները»,– նշել է նա։