azatutyun.am Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական ուժերի գիշերային հարձակումներից առնվազն ութ մարդ է սպանվել, ավելի քան երեք տասնյակը վիրավորվել են, հղում անելով երկրի իշխանություններին, հայտնում է Reuters-ը։
Վերջին ավելի քան երկու շաբաթվա ընթացքում սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված առաջին լայնածավալ հարվածն է, որից ժամեր առաջ նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է «զանգվածային» հարձակման, ինչից հետո քաղաքի մի քանի թաղամասեր տարհանվել էին։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով բնակելի շենքի առաջին վեց հարկերն են փլուզվել։ Բնակելի շենքերի փլատակներում դեռ կենդանի մարդիկ կան։ Վիրավորների թվում կան շտապօգնության աշխատակիցներ։
Կիևում մի քանի պայթյունի ձայն է լսվել, հայտնել է Reuters-ի հետ զրուցած ականատեսը։ Քաղաքապետի խոսքով՝ շուրջ երեք տասնյակ շենք է վնասվել։ Reuters-ի կադրերում փլուզված ինը հարկանի շենք է երևում։
Իսկ Ուկրաինային սահմանակցող Բելգորոդում առանձնատանը հասցված ԱԹՍ հարվածից ամուսինը մահացել, կինը՝ վիրավորվել է, հաղորդել են տեղի իշխանությունները։
Ռուսաստանի հյուսիս-արևմտյան Լենինգրադի մարզային ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում ռուսական ուժերը ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք են վնասազերծել։
Ըստ կողմերի՝ նրանք միտումնավոր չեն թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները։
Այս հարվածների ֆոնին Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչներ՝ իր օդային տարածքը պաշտպանելու համար, դա որակելով որպես «կանխարգելիչ» միջոցառում: Լեհաստանի տարածքում հարձակումների մասին հաղորդումներ չկան: