ՀՀ կառավարության առաջարկությամբ 8-րդ գումարման խորհրդարանի արտահերթ նստաշրջան է սկսել: Օրակարգում 44 հարց կա:
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագծերը, որոնք առաջարկվում է քննարկել 24-ժամյա ռեժիմով, այդ թվում՝ համապետական ընտրությանը, քվեարկության մասնակցելու համար բնակության ցենզ սահմանելու, ԱԺ պատգամավորի երդման նոր տեքստը հաստատելու նախագծերը:
Մասնավորապես՝ քննարկում ծավալվեց բնակության ցենզ սահմանելու նախագծի շուրջ:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկել են համապետական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունք վերապահել 1 տարվա ընթացքում 6 ամիս ՀՀ-ում բնակված քաղաքացիներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեկնաբանեց, որ այս նախագիծը չի անցել համապատասխան հանրային քննարկում, ինչի հետ Արփինե Սարգսյանը չհամնաձայնեց՝ նշելով, որ դրա վերաբերյալ բովանդակային քննարկումներն ավելի շուտ էին սկսել:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ մեղադրեց ընդդիմությանը հանրությանը չլսելու համար՝ նշելով. «Որ հանրությանը լսեք, չեք ասի՝ որտեղ է էդ հանրային պահանջը: […] Ես կարծում եմ՝ նախագիծը իսկապես հանրային պահանջ է ունեցել»:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց նաև, որ հրատապ ընթացակարգով կքննարկվեն նախագծեր, որոնք ուղղված են ԱԺ առաջին նստաշրջանի բնականոն ընթացքն ապահովելուն: Մասնավորապես, նրա խոսքով, դրանց ընդունման արդյունքում կբացառվեն դեպքերը, երբ առաջին նստաշրջանը կձգձգվի առանձին պաշտոններում թեկնածուներ չառաջադրելու պատճառով:
Նշված նախագծերը 24-ժամյա ռեժիմով քննարկելուն կողմ քվեարկեց 67, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Նշենք, որ այս նախագծերը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն են ստացել գլխադասային հանձնաժողովներում: