photo_2026-06-08_00-16-26

Մեկ տարի՝ 6 ամսվա փոխարեն. ՔՊ-ն փոխել է ընտրելու իրավունքն իրացնելու համար ՀՀ-ում փաստացի բնակվելու ժամկետի իր առաջարկը

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Դրանք հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց Ալխաս Ղազարյանը:

Ի սկզբանե առաջարկվում էր սահմանել վերջին մեկ տարվա ընթացքում 6 ամիս և ավելի Հայաստանում փաստացի գտնվելու հանգամանքը:

Սակայն, Ալխաս Ղազարյանը նշեց, որ ընդլայնել են ժամկետը, և առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք ունենան այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ արտահերթ ընտրության դեպքում՝ նախորդող 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 2 տարվա ընթացում ՀՀ-ում փաստացի գտնվել են 1 տարուց ավելի: 

Ալխաս Ղազարյանը նշեց, որ բացառություն են այն դեպքերը, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու, ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում անձի ընտանիքի անդամի, այդ անձի հետ արտերկրում բնակվելու, ինրպես նաև արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց բացառությունների վերաբերյալ, մասնավորապես՝ նշելով սպորտի բնագավառի անձանց քվեարկելու իրավունքի մասին: 

Ալխաս Ղազարյանը նշեց, որ քննարկվում են բացառությունների ցանկն ընդլայնելու հարցերը, սակայն ցանկացախ օբյեկտիվ հանգամանքի դեպքում քաղաքացին կարող է դիմել և վերականգնել իր ընտրելու իրավունքը: Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ով է որոշելու բացառությունները՝ նշելով, որ իշխանությունը դա դարձնում է կամայական, ինչի հետ, սակայն, Ալխաս Ղազարյանը չհամաձայնեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն