arm.sputniknews.ru ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացիները կարողանան նաև գործնական քննությունը հանձնել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Վերջին տարիներին բավականին ավելացել է հաշվառման քննական կենտրոններ դիմելիությունը և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ մեկ տարին բավարար չի լինում անձանց համար` դիմելու ու նաև գործնական քննությունը հաղթահարելու համար։ Մեկ այլ իրավիճակում բավականին շատ են լինում դեպքերը, երբ գործնական քննությունից շատ են լինում բացասական արդյունքներ և տեսական քննությունների դրական արդյունքների պահպանման մեկ տարին բավարար չի լինում»,– ընդգծեց նախարարը։
Բացի այդ, շատ քաղաքացիներ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդրոցներում իրենց ուսումնառությունը և խնդրում են` հետաձգել քննությունը։
«Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, քանի որ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը»,– ասաց Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա որոշմամբ նաև կփոխվեն տեսական քննության հարցաշարերը, քանի որ, օրինակ, շատ են բողոքներն այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարելու համար նախատեսված հարցաշարերում ներառված են ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Այժմ հարցաշարերը կդառնան կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ։
Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1–ից։
Սարգսյանը հիշեցրեց, որ այսօր ընդունված մեկ այլ կարգավորմամբ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները այս տարվա հուլիսի 6–ից կարող են մուծել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել իրենց վարորդական իրավունքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս կարգավորումը չի տարածվելու բոլորի վրա, այլ շատ զգուշորեն են մոտենալու այս հարցին, որպեսզի երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան։