azatutyun.am Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, չենք անի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հեռախոսների IMEI-ների օրինագծի մասին։
«Հայաստանում կա բջջայինների միլիարդների ստվերային շրջանառություն, պարզ է, որ էդ միլիարդները ստացողները դրանց հարյուրավոր միլիոնները ծախսելու են լոբբինգ անելու, որ «վայ, հեսա մարդկանց անձնական տվյալները հավաքելու են»: Մենք էդ հարցում լինելու ենք հրապարակային և թափանցիկ, եթե չլինեն երաշխիքներ, որ մենք մարդկանց անձնական տվյալները չենք հավաքելու և չենք օգտագործելու, մենք էդ համատեքստում համակարգը չենք ներդնի»,-հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև նշել է՝ պետությունը, թե ուզենա, տվյալների հավաքագրման լծակներ կարող է գտնել, հարցն այստեղ «միլիարդների ապօրինի շրջանառությունն է»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար։