azatutyun.am Հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով ավերված բազմաբնակարան շենքի փլատակներից Կիևում հայտնաբերվել են ևս երեք զոհի մարմիններ, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այսպիսով, հարձակման հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 30-ի։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ևս երեք մարդու հետ կապ հաստատել չի հաջողվում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հինգշաբթի երեկոյան Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 91-ի։
Նախօրեին Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Ուկրաինայի Կարմիր խաչի մարդասիրական պահեստը, հայտնի է դարձել կազմակերպության ֆեյսբուքյան էջից։
Այրվել է ավելի քան 320 հազար միավոր մարդասիրական բեռ և սարքավորում՝ ընդհանուր ավելի քան 79 միլիոն գրիվնա (մոտ 1,8 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ։
Ոչնչացված տեխնիկայի թվում են՝ գեներատորներ, ջերմային պոմպեր, բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ դեֆիբրիլյատորներ։
Բացի այդ, այրվել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ռազմավարական մարդասիրական պահուստը, որը ներառում էր ծածկոցներ, անկողնային պարագաների հավաքածուներ, հիգիենիկ և քնապարկային հավաքածուներ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։
Կիևում ավերվել է նաև «Նովա Պոշտա» փոստային-լոգիստիկ ընկերության լոգիստիկ կենտրոնը։
Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածները միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն կարող են դիտարկվել որպես ռազմական հանցագործություն։
Ռուսաստանը, իր հերթին, պնդում է, թե Ուկրաինայի տարածքում թիրախավորում է բացառապես ռազմական ենթակառուցվածքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում