azatutyun.am Անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդ քաղաքին և Բելգորոդի շրջանին, հայտնել է մարզի օպերատիվ շտաբը։
Հարվածների հետևանքով վնասվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնցից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Վնասվել է նաև հինգ ավտոմեքենա։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ զոհվել է Բելգորոդի մեկ բնակիչ։
«Պեպել» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ թիրախավորվել են «Հարավային» («Յուժնայա») էլեկտրական ենթակայանը և «Էներգո» ՋԷԿ-ի տարածքում գործող էլեկտրական ենթակայանը։
Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ տելեգրամյան ալիքը հայտնել է, որ հարձակում է եղել նաև «Էներգոմաշ» գործարանի նկատմամբ, որտեղ արտադրվում են խողովակաշարերի բաղադրիչներ, հենակային համակարգեր և արդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումներ։
Հարձակման հետևանքով մի շարք համայնքներում խափանվել են էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։
Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում հարձակման են ենթարկվել մի քանի էլեկտրական ենթակայաններ։
Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ մարզում հարձակման է ենթարկվել արդյունաբերական մի ձեռնարկություն։
Բրյանսկի մարզում, ըստ մարզի ղեկավարի պաշտոնակատար Եգոր Կովալչուկի, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բորշչովո գյուղում զոհվել է մեկ տղամարդ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։