Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար | armenpress.am

Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրեն դեսպանությունների շենքերի կառուցման համար | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովում քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծն ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Համաձայնագրով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով։

Հողատարածքի վարձավճարի չափը կկազմի տարեկան 1 դրամ։

Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքի Արգանատի փողոցում գտնվող 0.33 հեկտար մակերեսով հողատարածք՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման համար։

Այդ հողատարածքի վարձավճարի չափը կկազմի տարեկան 1 տենգե։

Մնացական Սաֆարյանը նշել է, որ հողատարածքը վարձակալությամբ ստացող կողմն առանց ընդունող պետության հստակ գրավոր համաձայնության իրավունք չի ունենա այն ընդլայնել, վաճառել, ծանրաբեռնել, որպես սեփականություն փոխանցել, ինչպես նաև վարձակալության կամ ենթավարձակալության հանձնել երրորդ կողմի։

Ըստ զեկուցողի՝ համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն