Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ 2026թ. հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։

Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել նոր նորմերի պահանջներով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարությունը և մասնակցել շրջակա միջավայրի պահպանությանը։

Այսպիսով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով օդի մաքրման համակարգեր՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումն օդի որակի մոնիթորինգային սարքերով։

Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած տարածքները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։

Կառուցապատողները պարտավոր են հետևել նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներին։

Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումներ ամրագրող նորմերի պահպանումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն