Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» | aravot.am

Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն)։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Հաստատության տնօրենի պաշտոնակատար Համազասպ Նահատակյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ ճաշարանը, սանհանգույցները և բուժկետը։

Պաշտպանը նաև ծանոթացել է ծառայություններ ստացող անձանց առօրյային, զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հաստատության անձնակազմի աշխատանքային պայմաններին։

Անահիտ Մանասյանը այցելել է նաև «Ճախրուկ» մշակութային կենտրոն և ջերմ շփում ունեցել կենտրոնի սաների հետ: Այնուհետև մասնակցել է նրանց կողմից կազմակերպված համերգային միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը»,- նշված է ՄԻՊ հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն