Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան | factor.am

Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան

Ուժեղ պաշտպանական կառույցների հիմքում վստահությունն է, հաշվետվողականությունն ու բարեվարքությունը։ ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար անցկացված Building Integrity («Բարեվարքության ամրապնդում») դասընթացի փակման արարողությանը։

«Հունիսի 29-ից հուլիսի 3-ը անցկացված մեկշաբաթյա դասընթացը վարել էին Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այն համախմբել էր պաշտպանության ոլորտի տարբեր մասնագետների՝ ռազմական կրթության, գնումների, լոգիստիկայի, անձնակազմի կառավարման, բարոյահոգեբանական ապահովման և հետաքննությունների ոլորտներից։

Սա Մեծ Բրիտանիայի Building Integrity աջակցության շրջանակում անցկացված առաջին դասընթացավարների պատրաստման դասընթացն էր Հայաստանի պաշտպանության նախարարության համար։ Մասնակիցները կկարողանան իրենց ստորաբաժանումներում փոխանցել բարեվարքության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն սկզբունքները։

Մեծ Բրիտանիան 2023 թվականից աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը Building Integrity-ի և ներքին աուդիտի ուղղություններով՝ նպաստելով պաշտպանական բարեփոխումներին, ներքին վերահսկողության ամրապնդմանը և հանրային վստահությանը։
Դեսպան Քոուլը նշել է.

«Այս շաբաթը միայն դասընթացի ավարտի մասին չէր։ Կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո։ Յուրաքանչյուր մասնակից այժմ կարող է այս սկզբունքները փոխանցել իր թիմին և նպաստել, որ բարեվարքությունը, հաշվետվողականությունն ու առաջնորդությունը դառնան ամենօրյա աշխատանքի մաս։ Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս բարեփոխումների ճանապարհին և Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն