Երևանում տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում | shantnews.am

Երևանում տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում

Հուլիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված «Դիվանագիտություն բոլորի համար. ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունը և ազդեցությունը» խորագրով միջոցառումը, որը համակազմակերպվել էր ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:

Միջոցառման նպատակն էր ընդգծել ներառական և ներկայացուցչական դիվանագիտական համակարգերի կարևորությունը, որոնք արտացոլում են հասարակությունների բազմազանությունը և նպաստում միջազգային երկխոսության ու որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցությանը։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը նշել է. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր միջազգային ներգրավվածությունը՝ ստանձնելով առաջնորդող դեր մի շարք բազմակողմ գործընթացներում։ Մեր արտաքին քաղաքականության օրակարգն այսօր ներառում է ոչ միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդումը, այլև փոխկապակցվածության զարգացումը, թվային փոխակերպումը, կենսաբազմազանության պահպանումը, նորարարության խթանումը և կայուն զարգացման նպատակների առաջմղումը։ Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ այս բոլոր ուղղություններում կայուն արդյունքների հնարավոր է հասնել միայն ներառական համագործակցության միջոցով։

Այս մոտեցումը գործնական արտահայտություն է ստանում նաև Հայաստանի բազմակողմ նախաձեռնություններում։ Նախորդ տարի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը մի խումբ երկրների հետ նախաձեռնեց նոր տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, դրա շուրջ ՄԱԿ կառույցների և գործակալությունների առավել համակարգված աշխատանքին ուղղված քննարկումներ: Աշնանը՝ Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանը միջտարածաշրջանային գործընկերների հետ կներկայացնի «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի նախագիծը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել մարդու իրավունքների վրա հիմնված, ներառական և գենդերազգայուն մոտեցումներ թվային փոխակերպման գործընթացներում՝ ապահովելով, որ կանայք և աղջիկները ոչ միայն պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաներից բխող ռիսկերից, այլև լիարժեք մասնակցություն ունենան դրանց մշակման, զարգացման, կառավարման և կիրառման բոլոր փուլերում»:

Միջոցառումը շարունակվել է պանելային քննարկման ձևաչափով՝ «Ներառական արտաքին քաղաքականությունը հետընթացի ժամանակաշրջանում. ի՞նչ կարող ենք սովորել ֆեմինիստական արտաքին քաղաքականությունից» և «Ներկայացվածությունից ավելին. կին դիվանագետներն ու հանրային քաղաքականություն ձևավորողները՝ գլոբալ օրակարգերի, արտաքին քաղաքականության և բազմակողմ գործընթացների ձևավորման գործում» խորագրերի ներքո:

Բանախոսություններով հանդես են եկել ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և Ուրուգվայի դեսպան Սիլվանա Գրասիելա Լեսկա Բարոլինը, Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը և գենդերի ու խաղաղաշինության հարցերով փորձագետ Էլեոնորա Սարգսյանը:

Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանն իր խոսքում ընդգծել է. «Միայն ինստիտուցիոնալ հնարավորություններն ավտոմատ կերպով չեն վերածվում ազդեցության։ Երբ նման հնարավորություններ են ստեղծվում, վերջնականապես կարևորը ոչ թե սեռն է, այլ անձի պրոֆեսիոնալ հատկանիշները, փորձը, նաև նվիրվածությունը, աշխատասիրությունը, վստահություն ձևավորելու ունակությունը, և այն բոլոր հատկանիշները որոնք անհրաժեշտ են դիվանագետի համար։ եթե ներկայացվածությունը բացում է դռները, ապա ազդեցությունը սկսվում է այն պահին, երբ անցնում ես այդ դռնով։ Առաջինի պատասխանատվությունը բնականաբար պատկանում է ինստիտուտներինն է, երկրորդինը՝ մեզնից յուրաքանչյուրիս:

Հայաստանը շարունակական առաջընթաց է արձանագրում այս ուղղությամբ։ Ինչպես բազմաթիվ երկրներում, մեզ մոտ ևս կանանց ներկայացվածությունը բարձրագույն դիվանագիտական պաշտոններում կարող է էլ ավելի ընդլայնվել, հպարտությամբ կարող եմ նշել, որ վերջին օրենսդրական փոփոխությունները վկայում են Կառավարության հանձնառության մասին՝ խթանելու հավասար հնարավորություններն ու ընդլայնելու կանանց մասնակցությունը»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մեջ կանանց ներգրավածության աճող ցուցանիշները. կանայք կազմում են ՀՀ դիվանագիտական ծառայության 48.5 տոկոսը, աճում է երիտասարդ կանանց ներգրավածությունը։ «Միաժամանակ համաձայնելով մյուս բանախոսների հետ՝ կընդգծեմ, որ միայն թվերը չեն արտահայտում ներգրավածության մակարդակը. կարևոր է գործընթացներում ազդեցության ու համատեղ աշխատանքում մասնակցայնության աստիճանը, վերջինս ավելացնելու մտադրությունը։ Անդրադառնալով դիվանագիտական պրակտիկային զուգահեռ տեղեկատվական միջավայրում առկա փոփոխություններին՝ Անի Բադալյանը նշել է, որ դիվանագիտության և արտաքին քաղաքականության վերաբերյալ հաղորդակցության մեթոդներն ու ծավալը ևս մեծապես փոխվել են՝ պահանջելով նորովի մոտեցումներ, գործիքակազմ, հասարակության բոլոր անդամներին ներառող հաղորդակցությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակը կիսվել է առավել թափանցիկ, ռազմավարական հաղորդակցության հարցերում իր փորձում դրսևորված օրինակներով, ամբողջական խոսքը.

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։

Միջոցառումը նվիրված էր դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվան, որը հաստատվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի A/RES/76/269 բանաձևով: Հայաստանի Հանրապետությունը այդ բանաձևի համահեղինակներից է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն