Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին | 1lurer.am

Կարևոր է, որ ՀՀ Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար. Միշուստին

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և ՌԴ Կառավարության նախագահի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միխայիլ Միշուստինը ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ նշել է. «Ռուսաստան այցը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ձեր առաջին արտասահմանյան այցն է: Մենք հույս ունենք, որ ընտրությունների արդյունքներից հետո ձևավորված նոր կառավարությունը կապահովի մեր հարաբերությունների զարգացումը և ռուս-հայկական հարաբերությունների առաջընթացը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»:

Միշուստինի խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանը՝ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերը և ներդրողը:

«Ռուսական ընկերություններն ակտիվ են Հայաստանի հանքարդյունաբերության, մեքենաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգիայի և թվային տնտեսության ոլորտներում: Կարևոր է, որ Հայաստանի Կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուսաստանցի ներդրողների համար և ապահովի նրանց իրավունքների և օրինական շահերի հարգումը»,- նշել է ՌԴ Կառավարության նախագահը:

Նա ընդգծել է, որ համագործակցության բոլոր հարցերը գտնվում են միջկառավարական հանձնաժողովի մշտական ուշադրության ներքո:

«Այսօր մենք մասնակցեցինք Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսին, որտեղ ծանոթացանք արդյունաբերության, մեքենաշինության և գիտատեխնիկական զարգացումների ոլորտում ամենաժամանակակից լուծումներին: Վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բիզնես համայնքների ներկայացուցիչներն այստեղ կգտնեն համատեղ նախագծերի, համատեղ արտադրության և համագործակցության հնարավորություններ: Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հայ գործընկերների հետ մշակութային և հումանիտար համագործակցությանը և առաջարկում ենք շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների, փառատոների, կրթական ծրագրերի, երիտասարդական միջոցառումների, ցուցահանդեսների և ֆորումների անցկացման ավանդույթը։ Կան նաև հիանալի հնարավորություններ՝ մեր միջտարածաշրջանային անմիջական կապերն ամրապնդելու համար։ Ես պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել երկկողմ հարցերի ամբողջ շրջանակը»,- ամփոփել է Միշուստինը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն