Փաշինյանը կարող է հետևել Ծառուկյանի հորդորին ու կառավարական ամառանոցը տրամադրել մեր վիրավոր զինվորներին. Տոնոյան | aravot.am

Փաշինյանը կարող է հետևել Ծառուկյանի հորդորին ու կառավարական ամառանոցը տրամադրել մեր վիրավոր զինվորներին. Տոնոյան | aravot.am

aravot.am Կապարակնքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Բոլոր այն ընկերությունները, որոնք կապարակնքվել են քննչական կոմիտեի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում՝ անվտանգության ու սպասարկման աշխատակիցները։ Սա անվտանգային առումով կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել։ Դրանցից մի մասը գործարաններ են, որոնք զբաղվում են արտադրությամբ, կան նաև պայթյունավտանգ նյութեր, և այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել»,- ասաց Տոնոյանը՝ շեշտելով, որ իրավաբաններն արդեն զբաղվում են այդ որոշումը բողոքարկելով։

Նրա խոսքով՝ միայն «Արարատցեմենտից» մոտ 1200 աշխատակից, Երևանի Արարատ կոնյակի-գինու գործարանից՝ մոտ 400 աշխատակից, և ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ հնարավոր գործազուրկ դառնալու վտանգի առջեւ են։

Տոնոյանի խոսքով՝ խուզարկությունը մեծամասամբ ավարտվել է, և ոչինչ չի հայտնաբերվել։ Ըստ նրա՝ չկան ձերբակալվածներ, բայց կան հարցաքննության հրավիրվածներ:

Տոնոյանը հիշեցրեց, որ տնտեսական, քաղաքական ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները մեկնարկել են հենց նախընտրական փուլում՝ հավելելով, որ մեկնաբանությունները թողնում է հանրությանը. «Գագիկ Ծառուկյանը երբևէ նախահարձակ չի եղել այս գործընթացներում, արձագանքել է միայն հնչած վիրավորանքներին ու սպառնալիքներին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերանոցի վերածելու վերաբերյալ, Տոնոյանն ասաց, որ լավ կլինի՝ Փաշինյանը հետևի Ծառուկյանի հորդորին և կառավարական ամառանոցը վերածի մեր վիրավոր զինվորների վերականգնման կենտրոնի։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ նրան պատկանող ձեռնարկություններում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն