ՄԻՊ գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին

ՄԻՊ գլխավոր քարտուղարը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը հուլիսի 1-ին մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Նիստի ընթացքում Գլխավոր քարտուղարը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բարձր է գնահատում իր՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման ազգային մեխանիզմի ներգրավվածությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։

Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումների, առկա խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023–2025 թվականների գործողությունների ծրագրի կատարման արդյունքներին՝ ներկայացնելով նաև Պաշտպանի դիտարկումները մարդու իրավունքների ոլորտում հետագա ռազմավարական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ։

Գլխավոր քարտուղարը կարևորել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների լիարժեք իրացման համատեքստում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վավերացումը, ինչպես նաև ընդգծել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի շուտափույթ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն էականորեն կամրապնդի իրավահավասարության և խտրականությունից պաշտպանության ազգային համակարգը։

Այս համատեքստում ընդգծվել է նաև օրենքով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվող նոր լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների, այդ թվում՝ Պաշտպանի աշխատակազմի շենքային պայմանների հրատապ բարելավման կարևորությունը։

Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումները և առկա մարտահրավերները՝ կարևորելով ոլորտային ենթաօրենսդրական ակտերի շուտափույթ ընդունումը։

Քննարկման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է կարևոր հարթակ հանդիսանալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, բարեփոխումների ընթացքի և հետագա համագործակցության առաջնահերթությունների քննարկման համար»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն