azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանել է Դամասկոս։ Նա ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելում է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։
«Այստեղ եմ՝ վերահաստատելու Ֆրանսիայի նվիրումը սիրիացի ժողովրդին, հանուն ինքնիշխան, իր բազմազանությամբ միասնական և իր հարևանների հետ խաղաղությամբ ապրող Սիրիայի: Եկեք միասին կայունության և խաղաղության նոր էջ բացենք», – X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը։
Դամասկոսի օդանավակայանում Մակրոնին ԱԳ նախարար Ասադ ալ-Շայբանին է դիմավորել։ Reuters-ի փոխանցմամբ՝ օրակարգում Մակրոնի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի աշխատանքային ճաշն է, այլ հանդիպումներ ևս նախատեսված են։
13 տարվա քաղաքացիական պատերազմից տուժած երկրի վերակառուցումը այցի առանցքային թեմաներից մեկն է։ Մակրոնին ուղեկցում են էներգետիկ և բեռնափոխադրող ընկերությունների տնօրեններ, այցից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան:
Ըստ պաշտոնյայի՝ Դամասկոսը Փարիզի համար գործընկեր կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե լիարժեքորեն հաշվի առնվի բազմակարծությունը։ Ֆրանսիայի համար ընդունելի չի լինի բացարձակ իշխանության մի ձևի փոխարինումը մեկ այլ ձևով, ընդգծել է նա։
Նախագահ Ալ-Շարաան պաշտոնական այցով Ֆրանսիայում 2025-ի մայիսին էր եղել, հանդիպել և բանակցություններ վարել նախագահ Մակրոնի հետ։
Սիրիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի առաջ։