civilnet.am Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվությունները։ Այդ մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա ասել է, որ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիների համար ապահովված են եղել համապատասխան պայմաններ։
«Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ՝ այդ վայրում, պահվել են։ Կադրերում երևում են, Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը եղել է»,- նշել է ԲՀԿ խոսնակը։
Տոնոյանը նաև ասել է, որ տարիներ առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրել Երևանի կենդանաբանական այգուն, դրա համար իրականացվել էր երկարատև փաստաթղթային գործընթաց։
«Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման վայրը, պայմանները՝ բոլորը համապատասխանել են նորմերին»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով կենդանիների գլուխների՝ որպես խրտվիլակների օգտագործման և որսի հարցին՝ Տոնոյանը նշել է, որ դա անձնական նախասիրության հարց է։
«Ցանկացած մարդ ունի իր հոբբին, ունի իր նախասիրությունը, և այն, ինչ արգելված չէ, որևէ մեկը չի կարող քննարկել»,- ասել է ԲՀԿ մամուլի խոսնակը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։