Դավիթ Սանասարյանը հաղթեց նաև վերաքննիչ ատյանում | civilnet.am

Դավիթ Սանասարյանը հաղթեց նաև վերաքննիչ ատյանում

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Սանասարյանը։

Որոշումը կայացրել է դատավորներ Սուրիկ Խաչատրյանի, Ժենյա Մելիքսեթյանի և Արմեն Հովհաննիսյանի կազմով դատարանը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանի վճիռը։

«Սա հերթական կարևոր հաստատումն է, որ տարիներ շարունակ իմ նկատմամբ կառուցված մեղադրանքները չեն հաղթահարել իրավական քննությունը։ Ճշմարտությունը կրկին հաստատվեց դատարանում»,- գրել է Սանասարյանը՝ շնորհակալություն հայտնելով իր փաստաբաններին, ընտանիքին և աջակիցներին։

Նա նաև հավելել է, որ գործի ընթացքի, դրա քաղաքական ու իրավական գնահատականների մասին կխոսի առաջիկայում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2025-ի մայիսի 29-ին էր հրապարակել Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը։ Դավիթ Սանասարյանը ճանաչվել էր անպարտ․ դատարանը արձանագրել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով նրան ներկայացված մեղադրանքը չի հաստատվել։

Սանասարյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Քրեական գործը դատարանում քննվում էր գրեթե վեց տարի։ Այս ընթացքում դատաքննությունը մի քանի անգամ ընդհատվել էր տարբեր հիմնավորումներով, այդ թվում՝ կադաստրի, ֆինանսական և տեխնիկական բնույթի փորձաքննությունների երկարաձգման պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն