Ռոմանոս Պետրոսյանը և Սամվել Կարապետյանը հեռակա բանավիճում են ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի շուրջ | civilnet.am

Ռոմանոս Պետրոսյանը և Սամվել Կարապետյանը հեռակա բանավիճում են ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի շուրջ

Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ անդրադառնալով  Հայստանի էլետրական ցանցերի (ՀԷՑ) վարկային պարտավորություններին։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարություններին՝ ներկայացնելով ընկերության վարկային պարտավորությունների մարման վերաբերյալ իր գնահատականը։

Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսների ընթացքում հաջողվել է ընկերության շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ և պլանային կարգով մարել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր։

Նրա պնդմամբ՝ դա հնարավոր է դարձել այն պատճառով, որ «սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին այլևս չի հաջողվել ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների և ծառայությունների ձեռքբերումների, ինչպես նաև բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող ընկերությունների միջոցով իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով ՀԷՑ-ից դուրս բերել և յուրացնել այդ միջոցները»։

Պետրոսյանը նաև նշել է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի կողմից նախօրեին հնչեցված «մերկապարանոց, մտացածին և անհիմն գնահատականներին» կանդրադառնա ավելի ուշ՝ ներկայացնելով «կոնկրետ թվեր ու փաստեր»։

Հուլիսի 7-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ի կողմից շուրջ 50 մլն դոլարի ֆինանսական պարտավորությունների մարումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ այն հանգամանքով, որ ընկերությունը, նրա խոսքով, չի իրականացրել նախատեսված արդիականացման աշխատանքներն ու նոր միացումները։

«50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Փոխարենը, որ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, ընդամենը 100 նոր միացում են կատարել՝ 3000-3500-ի փոխարեն։ Դրա համար էլ առաջացել է այդ գումարը։ Մեծ խելք պետք չէր բանկերի պարտավորությունը կատարելու համար, խելքը նրա համար էր, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են»,- ասել էր Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն