Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի հետ կնքված պայմանագրերը | civilnet.am

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի հետ կնքված պայմանագրերը

Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները։ Այդ մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։

Որպես հետևանք՝ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել մի շարք գույքերի նկատմամբ գրանցված իրավունքները, այդ թվում՝ 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։ Իրավապահները նաև պահանջում են անվավեր ճանաչել այդ պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը։

Բացի այդ, Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատախազությունը նաև պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, դրա վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը և 100,8 քմ մակերեսով պարիսպը։

Նշվում է նաև, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը։ Դատարանն արգելել է պատասխանողներին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն